Ամփոփ նկարագիր

Արտաքին կարողությունների զարգացում

Արտաքին կարողությունների զարգացման նպատակն է հզորացնել ՔՀԿ-ներին ուժեղ ցանցերի և բարենպաստ վարչական միջավայրի ստեղծման միջոցով, ինչպես նաև տրամադրել ՔՀԿ-ների արտաքին կարողությունները զարգացնող գործիքներ:

Ամփոփ նկարագիր

Երկրորդ աշխատանքային փաթեթի` «Զարգացնել արտաքին կարողությունները», նպատակն է հզորացնել ՔՀԿ-ներին ուժեղ ցանցերի և բարենպաստ վարչական միջավայրի ստեղծման միջոցով, ինչպես նաև տրամադրել ՔՀԿ-ների արտաքին կարողությունները զարգացնող գործիքներ:

50 ՔՀԿ-ներ՝ ավելի կոնկրետ նրանց ղեկավարները և աշխատակազմի անդամները, կմասնակցեն այս փաթեթի ներքո իրականացվող կարողությունների զարգացման գործողություններին: Այլ շահագրգիռ կողմերը, այդ թվում` համապատասխան հասարակական ոլորտների ներկայացուցիչները, տարբեր բնագավառների առանցքային գործիչները, անվճար խորհրդատվություն տրամադրող փորձագետները և պետական կառույցների ներկայացուցիչները կներգրավվեն այս աշխատանքային փաթեթի տարբեր փուլերում և գործողություններում:

Այս փաթեթի շրջանակներում կանցկացվեն հետևյալ թեմատիկ ոլորտներին վերաբերող վերապատրաստման դասընթացներ` «Ֆոնդահայթայթում», «Արտաքին հարաբերություններ», «Հաղորդակցության հմտություններ» և «Սոցիալական ձեռնարկատիրություն»: Վերոնշյալ վերապատրաստման դասընթացներն անմիջականորեն արտացոլում են Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացման կարիքների գնահատման արդյունքում բացահայտված կարիքները:

Ի լրումն, այս փաթեթի շրջանակներում 50 ՔՀԿ-ների հնարավորություն կընձեռնվի մասնակցել կլոր սեղան-քննարկումների կամ նմանատիպ միջոցառումների (քննարկման ֆորումներ և քաղաքացիական երկխոսության հանդիպումներ), որոնց նպատակն է խթանել ՔՀԿ-ների միջև համագործակցությունը ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համար, ինչպես նաև ստեղծել արդյունավետ ցանցեր սոցիալական համակարգի տարբեր դերակատարների/շահագրգիռ կողմերի միջև:

Բացի այդ, գիտելիքի և փորձի փոխանցումը հեշտացնելու, ինչպես նաև ոլորտային արդյունավետ համագործակցությունը խթանելու նպատակով 25 ՔՀԿ-ներ կստանան աջակցություն հատուկ թեմաներով անվճար խորհրդատվություն տրամադրող 25 փորձագետներից, ովքեր կարող են լինել հաշվապահներ/գնումների մասնագետներ, մարքեթինգի/գովազդային փորձագետներ, իրավաբաններ, ԶԼՄ փորձագետներ/լրագրողներ, ՏՏ մասնագետներ, տարբեր ոլորտների ծրագրերի ղեկավարներ և այլն: Տրամադրվող աջակցությունը հիմնված կլինի ՔՀԿ-ների կողմից ներկայացված կարիքների վրա:

Դասընթացներ

Դասընթացները սկսելուց առաջ անցկացվում են նախնական թեստեր: Դասընթացի ավարտին անցկացվում է վերջնական թեստ, որը թույլ է տալիս տեսնել առաջընթացը և կոնկրետ դասընթացի արդյունքները: Բացի այդ, յուրաքանչյուր դասընթացի ավարտին վերջինս գնահատվում է մասնակիցների կողմից:

Դասընթացների երեք առաջնային ոլորտները հետևյալն են`

Ֆոնդահայթայթում

Ընդհանուր առմամբ ֆոնդահայթայթումը Հայաստանի ՔՀԿ-ների հաջողության և կայունության գրավականն է: Դասընթացը մշակված է, որպեսզի աջակցի կազմակերպություններին բացահայտել համապատասխան աղբյուրները առկա ֆոնդերի ներկայացման և վերլուծության միջոցով: Դասընթացի նպատակներն են ընդհանուր պատկերացում տրամադրել ֆոնդահայթայթման խնդիրների և մոտեցումների վերաբերյալ, մշակել ֆոնդահայթայթման ռազմավարություն և պլան, ներկայացնել ֆոնդահայթայթման վերաբերյալ օգտակար խորհուրդներ և հաջողված ֆոնդահայթայթման ռազմավարությունների օրինակներ, ուսումնասիրել Հայաստանում առկա ֆոնդահայթայթման աղբյուրները` ներառյալ միջազգային և տեղական աղբյուրներից ֆինանսավորման հնարավորությունները: Պլանավորվում է անցկացնել եռօրյա դասընթաց Երևանում և մարզերում:

Արտաքին հարաբերություններ

Արտաքին հարաբերությունները, ցանցերի ստեղծումը և հասարակական գործընկերությունը այն գործընթացներն են, որոնք մեծ դեր են խաղում հասարակության զարգացման գործում: Դասընթացի նպատակն է քննել զարգացման նպատակով համատեղ աշխատելու տարբեր ուղիները, վերանայել փոխհարաբերությունների առկա հայեցակարգային շրջանակը, գնահատել փոխհարաբերությունների տարբեր տեսակները և մոդելները, պատկերացում կազմել ռազմավարական հարաբերությունների տարբեր տեսակների վերաբերյալ, դիտարկել հակասությունները և բարելավել հաղորդակցությունը ոլորտների ներսում և ոլորտների միջև: Պլանավորվում է անցկացնել եռօրյա դասընթաց Երևանում և մարզերում:

Հաղորդակցության հմտություններ

Շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ հաղորդակցվելը յուրաքանչյուր կազմակերպության հաջողության գլխավոր բաղադրիչներից մեկն է: Այս դասընթացը կզարգացնի կազմակերպությունների կարողությունները հաղորդակցության ճիշտ կապուղիների և գործիքների միջոցով ճիշտ թիրախային խմբին ճիշտ ուղերձ փոխանցելու մասով` այդպիսով օգնելով կազմակերպություններին ձեռք բերել ավելի ծանրակշիռ դիրք և ստանալ աջակցություն իրենց համայնքներից, ֆինանսավորողներից, այլ ՔՀԿ-ներից և այլ արտաքին դերակատարներից: Դասընթացի նպատակներն են հասկանալ հաղորդակցության կարևորությունը ՔՀԿ-ների համար, զարգացնել հիմնական թիրախային խմբերի հետ հաղորդակցվելու հմտությունները, պատկերացում կազմել հաղորդակցության հիմնական կապուղիների և գործողությունների վերաբերյալ, հասկանալ ՔՀԿ-ներում հասարակայնության հետ կապերի դերը, կազմել հովանավորչական փաթեթներ, մեդիա փաթեթներ, մամուլի հաղորդագրություններ, պատկերացում կազմել բրենդի ստեղծման և բրենդինգի վերաբերյալ, ստեղծել իրենց կազմակերպությունների հեղինակությունը: Պլանավորվում է անցկացնել եռօրյա դասընթաց Երևանում և մարզերում:

Սոցիալական ձեռնարկատիրություն

Այս դասընթացի նպատակն է զարգացնել սոցիալական ձեռնարկատիրությանն առնչվող կարողություններ և հտություններ ու տրամադրել ընդհանուր տեսական և գործնական գիտելիքներ սոցիալական ձեռնարկատիրության կոնցեպտի, իրավական միջավայրի, Հայաստանում սոցիալական ձեռնարկություն հիմնելու հնարավորությունների, բիզնես գաղափարներ ձևավորելու և բիզնես նախագիծ մշակելու վերաբերյալ: Մասնավորապես, դասընթացը կվերաբերի հետևյալ թեմաներին՝ սոցիալական ձեռնարկատիրության սահմանում, սոցիալական ձեռնարկություն հիմնելու ռիսկերը և առավելությունները, Հայաստանում գոյություն ունեցող սոցիալական ձեռնարկությունների հաջողված պատմությունների և քաղված դասերի օրինակներ, բիզնես գաղափարների/մոդելների ձևավորում, բիզնես նախագծի հիմնական տարրերը, մարքեթինգի և գործողությունների ծրագիր և այլն: Պլանավորվում է անցկացնել եռօրյա դասընթաց Երևանում և մարզերում:

Կլոր սեղաններ

Կլոր սեղանների և նմանատիպ միջոցառումների (ՔՀԿ-ների քննարկման ֆորումներ և քաղաքացիական երկխոսության հանդիպումներ) նպատակն է համախմբել բոլոր դերակատարներին և փորձել լուծումներ գտնել նրանց առջև ծառացած մարտահրավերներին: Կլոր սեղանները չեն անդրադառնա քաղաքական հիմնահարցերի կամ հիմնական իրավական փաստաթղթերի, ավելի շուտ կքննարկվեն փոքր և լուծելի խնդիրները, որոնց լուծման դեպքում կբարելավվեն համապատասխան ոլորտները և ՔՀԿ-ների գործունեության ընդհանուր արտաքին միջավայրը:

Կլոր սեղան-քննարկումները կներգրավեն ընդհանուր առմամբ 50 ՔՀԿ-ների, դոնորների, համապատասխան հասարակական ոլորտների ներկայացուցիչների, համապատասխան բնագավառների առանցքային գործիչների, անվճար խորհրդատվություն տրամադրող փորձագետների և պետական կառույցների ներկայացուցիչների: